Բիզնես

Վերջին 5 տարվա ընթացքում Apple-ը Ճապոնիայում ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրել

Ամերիկյան Apple Inc.-ը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրել Ճապոնիայի՝ իր գրեթե 1000 մատակարարներից բաղկացած ցանցում: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Ընկերությունը հաղորդել է, որ 2019 թ.-ից ի վեր իր ծախսերն ավելացրել է ավելի քան 30%-ով, ընդ որում՝ նրա մատակարարներն են ինչպես խոշոր միջազգային կորպորացիաները, այնպես էլ փոքր ընտանեկան ձեռնարկությունները։

Sony ընկերությունն Apple-ի ճապոնական խոշորագույն մատակարարներից մեկն է, որը տվիչներ է թողարկում iPhone-ի տեսախցիկների համար 2011 թ.-ից: Apple-ը հայտարարել է, որ մինչև 2030 թ.-ը ճապոնական 29 մատակարարներ պարտավորվել են ընկերության սարքերի բաղադրիչներն արտադրելու համար ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների:

Միաժամանակ Sony, Seiko Advance և Sumitomo Electric Industries ընկերություններն արդեն նախագծեր են իրականացնում հողմային և արևային էներգետիկայի ոլորտում։

Հաղորդվում է նաև, որ Apple-ի բաժնետոմսերի արժեքը 0,5%-ով աճել է դեկտեմբերի 13-ի նախնական սակարկությունների արդյունքներով:

Ընկերության շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից նվազել է 18,6%-ով (մինչև 2,26 տրլն դոլար), այն դեպքում, երբ ֆոնդային ինդեքսն իջել է 16,3%-ով։

Share