Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ GITI 2011 ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն լուծումները ներկայացվել են նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011): Կոնֆերանսը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:     

Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մամուլի ծառայությունից` հայկական պատվիրակության մեջ ներառված էին ինչպես ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող «ՍաութԹեք Քընսալտինգ», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Հայկական ծրագրեր», «Էսենշլ Սըլյուշնս», «Լայմ Տեխ»,  «Նորմապլյուս», Xinect, Social Promotion ընկերությունները, «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող ՀՀ  Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ավանդույթի համաձայն կոնֆերանսին կից կազմակերպվել էր «Հայկական Անկյուն» հատված, որտեղ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց լուծումները, գործարար ներկայացումները, տեսանյութերը: Հատկանշական է, որ Հայկական Ծրագրեր», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Էսենշլ Սըլյուշնս» ընկերությունների, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործարար ներկայացումներն ընդգրկվել են կոնֆերանսի ծրագրի մեջ:

Մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճվել են հայկական ընկերությունների կողմից.

– «Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում` «ՍաութԹեք Քընսալտինգ», ընկերությունը` «Sammit» համակարգ

«Տարվա լավագույն ծրագրային ապահովում» անվանակարգում` «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը` «Դպրոցների Կառավարման Տեղեկատվական Համակարգ»

– «Լավագույն B2B լուծում» անվանակարգում` «Հայկական Ծրագրեր» ընկերությունը`  «ՀԾ-Հաշվապահ-ՀԾ Բանկ-ՀԾ-ԻնտերնետԲանկ ինտեգրված համակարգեր»

Ծանր պայքար ընթացավ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում:  Շուրջ 11 լուծումներ էին ներկայացվել «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: Երկար քննարկումներից և հավակնորդ համակարգերի փորձաքննությունից հետո որոշվեց` Պետական գործակալությունների կողմից ամենակիրառելի ծառայություն ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը

Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը միջոցառման կայացմանն իր բացառիկ ներդրման համար արժանացել է հատուկ մրցանակի` «GITI Բացառիկ Գործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով:

Միջոցառման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ԻՏՁՄ միջնորդությամբ և USAID/RCI ծրագրի աջակցությամբ  Հայաստանից 1 մասնակից կուղեգրվի Բուլղարիայում գործող Եվրոպական Ծրագրային Ապահովման ինստիտուտի` դեկտեմբերին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի CMMI դասընթացներին մասնակցելու:

Միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2012 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:

Share