Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 42 ՄԲ/Վ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՑԱՆՑ

Այսօր`նոյեմբերի 23-ին, Orange-ը հայտարարեց Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային գործարկման մասին:  

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց գերարդիական այս տեխնոլոգիայի փորձարկումն իրական ցանցում: Թեստերի ժամանակ գրանցված առավելագույն արագությունն էր 39Մբ/վ, իսկ միջինում այն տատանվում էր 32Մբ/վ-ի և 37Մբ/վ-ի միջև: Ինչպես ասուլիսի շրջանակներում ընդգծեցին ընկերության ներկայացուցիչները` նոր` մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

Նշենք, որ այսօր մեկնարկեց այս ցանցի միայն տեխնիկական փորձարկումը: Առևտրային իրացման վերաբերյալ կոնկրետ ժամկետներ ընկերությունը դեռևս չի հրապարակում:

«Ֆրանս Տելեկոմ Խմբի աջակցությամբ Orange-ը կրկին նոր որակական չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Հպարտ ենք կիսել մեր այս նոր ձեռքբերումը մեր բաժանորդների և բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են երկրի տեխնոլոգիական առաջընթացով: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որոնք ներդնում են այս տեխնոլոգիան: Այս նոր արագությունները հասանելի կլինեն հայաստանյան սպառողին, երբ մենք լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը», – նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Share