Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՆԱԵՎ ԳՈՐԻՍԻ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Սյունիքի մարզի երկու ամենամեծ քաղաքների համալսարանների հետ: Գորիսի պետական համալսարանի և ՀՊՃՀ Կապանիմասնաճյուղի հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի», –  ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:  

Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 18 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով` հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:

Share