Բաժին. Բիզնես

MOODY-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՇՆՈՐՀԵԼ Է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մարքեթինգի ծառայությունից:

Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ էր եղել Որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոս ամսին: Համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում հայտնի խորհրդատվական կազմակերպություններից մեկի` IMS Consulting կազմակերպության հետ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ձևափոխեց իր կառավարման մոդելը՝ հաջողությամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ամենաարդյունավետներից մեկը՝ Որակի կառավարման համակարգը: 2011թ. դեկտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Moody International ընկերության անկախ աուդիտորների խումբը, որն անցկացրեց համակարգի արդյունավետութան  վերլուծություն և հաստատեց համապատասխանությունը միջազգային ստանդարտների պահանջներին:           
               
Moody International ընկերության կողմից ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի շնորհումը վկայում է  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության բարձր հուսալիությունը և կայունությունը,  ուղղվածությունը դեպի հաճախորդները և տրամադրվող ծառայությունների  բարձր որակը: 

Ամփոփելով ստուգումների արդյունքները, Moody International-ի առաջատար մասնագետ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշել է, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երևույթ է:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում:

Share