Բիզնես

Forbes-ը ներկայացրել է 2022-ին ավելի հարստացած ռուս միլիարդատերերին

Չնայած պատերազմին, Ռուսաստանի ու ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, արժեթղթերի շուկայի անկմանը և տնտեսական ճգնաժամին՝ 2022-ին Forbes-ի ցուցակում ներառված մի շարք ռուս գործարարներ, այնուամենայնիվ, կարողացան ավելացնել իրենց կարողությունը։

Հատկապես տուժել է ավտոարդյունաբերությունն ու մետալուրգիան: Պատահական չէ, որ հենց Severstal-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է դարձել 2022-ի ամենաշատ կորուստը գրանցած կապիտալի տերը: Նա 11 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել:

Սակայն գործարար ամսագրի վարկանիշում 27 ռուս գործարար բիզնես-առաջխաղացում է գրանցել՝ ավելացնելով սեփական կարողությունը: Հիմնական պատճառը ռուբլու և դոլարի փոխարժեքներն ու հարաբերակցությունն էր: Ռուբլու փոխարժեքի անկումն ու դրան հաջորդած կայունացումը հանգեցրել է գործարարների դոլարային կապիտալի արժևորմանը:

Սակայն արժույթների փոխարժեքները հաջողության միակ պատճառը չեն հաջող ֆինանսական տարի ունեցած ռուս գործարարների համար:

Օրինակ, Վյաչեսլավ Կանտորը և Անդրեյ Գուրևը 2022-ին ավելացրել են իրենց կարողությունը պարարտանյութերի համաշխարհային գների աճման արդյունքում Akron և Phosagro ընկերությունների բաժնետոմսերի արժևորման հաշվին։ Իսկ Յուրի Միլների կարողության աճը պայմանավորված է նրա տնօրինության տակ գտնվող ֆոնդերի հաջողությամբ:

Այսպիսով, Վյաչիսլավ Կանտորի կարողությունը 2022-ին ավելացել է 5,3 միլիարդ դոլարով: Դեկտեմբերի 20-ի դրությամբ նրա ունեցվածքը կազմում է 13 միլիարդ դոլար:

Անդրեյ Գուրևի ունեցվածքը 11,5 միլիարդ դոլար է: 2022-ին նա 4,2 միլիարդ դոլարով է ավելացրել իր կարողությունը:

Յուրի Միլների կարողությունը 2022-ին ավելացել է 2,5 միլիարդ դոլարով և կազմել 7,3 միլիարդ դոլար:

Հիշեցնենք՝ նախորդ տարում ռուս միլիարդատերերից 27-ին հաջողվել է ավելի հարստանալ՝ չնայած պատժամիջոցներին ու աշխարհում ստեղծված տնտեսական ոչ այնքնա բարենպաստ իրավիճակին

Share