Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՆԱԵՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Գավառի պետական համալսարանի հետ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս համալսարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Orange-ի` բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրի կազմման գործընթացին` որպես խորհրդատուներ:

«Գավառի համալսարանով մենք ամփոփում ենք 2011թ. կարևոր փուլ, որի ընթացքում համագործակցություն սկսեցինք Հայաստանի 9 բուհերի հետ: Համագործակցության համաձայնագրերը նախատեսում են ինչպես գործատու-համալսարան սերտ կապեր` ուսանողներին ավելի հեշտությամբ աշխատանքային աշխարհ ընդունելու նպատակով, այլ նաև օգնություն լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Ուրախությամբ եմ նշում, որ դրանց մեծ մասը մարզային համալսարաններ կամ մարզային մասնաճյուղեր են, քանի որ մարզերի ուսանողներն ավելի շատ կարիք ունեն մեր աջակցությանը` լավ կարիերա մեկնարկելու համար », ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:  

Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով Գավառի համալսարանին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 8 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանի առաջարկով` հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և ուսանողի առաջադիմություն:

2011թ. երկրորդ կիսամյակի ընթացքում Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց Հայաստանի 9 համալսարանների հետ` Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան,  Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի և վերջինիս մարզային մասնաճյուղերի հետ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, Գավառի Պետական Համալսարանի և Գորիսի Պետական Համալսարանի հետ:

Հուշագրերի շրջանակներում արդեն կազմակերպվել են մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար, իրականացվել է այցեր ընկերության տարբեր բաժիններ, ստեղծվեցին 4 Wi-Fi անկյուններ, որոնց շնորհիվ ուսանողներն ու դասախոսներն այսօր կարող են օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange Wi-Fi ինտերնետից: Ընդհանուր հաշվով տրամադրվել է կրթաթոշակ 62 ուսանողի, հիմնականում` մարզային համալսարաններում:  

Share