Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՎՃԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 20 ԲՈՒՀԵՐԻ 200 ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ի հավելումն անցյալ տարի ընտրված հայաստանյան բուհերի 150 ուսանողների, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Կրթական հիմնադրամ» ծրագրի շրջանակներում, ամբողջությամբ կվճարի ևս 50 ուսանողի ուսման վարձը:

Նշենք, որ «Կրթական հիմնադրամ» ծրագիրն ընդգրկում է հատուկ կարիքներով ծնողազուրկ, 5 և ավել անդամներից բաղկացած սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող, հաշմանդամ ծնողներ ունեցող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների: Ընկերությունը մինչև ուսման ավարտը պատրաստ է աջակցել այդ ուսանողներին` ամբողջությամբ վճարելով նրանց ուսման վարձը:

Կրթական այս աննախադեպ ծրագրի նպատակը խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին կրթությունը հասանելի դարձնելն է` ուսումնական ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով: Ընկերությունը վստահ է, որ ծրագիրը նրանց կքաջալերի հմտությունները կատարելագործելու հարցում, կմղի նոր ձգտումների և կբարելավի նրանց սոցիալական ու հոգեբանական վիճակը:

«Կրթութան վարձ կտրամադրվի ամենախոցելի ընտանիքներում ապրող 200 երիտասարդի` ապահովելով նրանց բարձրագույն կրթությունը: Այս նախաձեռնությունն իրականացվում է` խոցելի խմբերում ընդգրկված երիտասարդներին մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տրամադրելու և այդ կերպ` նաև երկրում աղքատության մակարդակի նվազեցմանը նպաստելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share