Բաժին. Բիզնես

ԱՅՍ ՏԱՐԻ «ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՐՏԱԴՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՓԱՅԼԱԹԻԹԵՂ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ, առաջին անգամ գերազանցել է  արտադրության նախագծային մակարդակը, որ կազմում է տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: 2010թ. ձեռնարկությունն արտադրել էր 24,64 հազար տոննա փայլաթիթեղ:

Ինչպես «Բիզնես 24»ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼի Մամուլի ծառայությունից` 2000թ.-ին ձեռնարկության ստեղծման պահից ի վեր արտադրվել և իրացվել է ավելի քան 130 հազար տոննա արտադրանք, որից գրեթե 100 հազար տոննան` հիմնական սարքավորումների համալիր արդիականացումից հետո` 2004-2006թթ.: ՌՈՒՍԱԼի կազմի մեջ ԱՐՄԵՆԱԼի մտնելու պահից սկսյալ ռուսական ընկերությունը գործարանում ներդրել է շուրջ 120 մլն դոլար:

Նշենք, որ 2011թ. գործարանը հաջողությամբ հավաստագրվել է ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափորոշիչի համապատասխանության համար` հասնելով  ծախքերի նշանակալի կրճատման և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման:

ՌՈՒՍԱԼը մտադիր է շարունակել ներդրումները գործարանում: Ընկերությունը ծրագրում է 2012-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼի արդիականացման համար ներդնել  մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը թույլ կտա ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչև 33,6 հազար տոննայի: Այս ծրագրի իրագործումը կնվազեցնի  ծախսերը արտադրանքի մեկ միավորի հաշվարկով առնվազն 20% և կբարձրացնի նրա մրցունակությունը:

«ԱՐՄԵՆԱԼը անցում է կատարել տեխնոլոգիական նոր մակարդակի, – գործարանի արդյունքները մեկնաբանել է «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը: – Դա հաստատեց նաև աուդիտը, որն անցկացվեց ԱՄՆի առաջատար  պատվիրատուների ներկայացուցիչների կողմից»:

ԱՐՄԵՆԱԼը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share