Բիզնես

Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ

Արամ Խաչատրյանի, Տիգրան Մասուրյանի, Ավետ Տերտերյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի և Ղազարոս Սարյանի հայտնի գործերը այսուհետ կարող եք օգտագործել որպես հեռախոսազանգ (ringtone):

Հայկական զանգերի ձայնագրությունն իրականացրել է ամերիկյան հեղինակավոր «Parma Recordings» ընկերությունը և թողարկվել է «Armsymphony Records» պիտակի ներքո։ Պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարել է «Գրեմմի» մրցանակի առաջադրված հնչյունային ինժեներ Յան Կոշուլիչը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Team Telecom Armenia ընկերությունը թողարկել են միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի հայկական մեղեդիների ձայնագրությունները։

«Շատ ենք խոսում նորարարություններից, բայց կարծում եմ՝ ռինգթոնն այն երաժշտական պրոդուկտն է, որը թույլ կտա հաղորդակից դարձնել մեր երաժշտությունն աշխարհին: Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն դրական արձագանքեց այս նախաձեռնությանը: Մենք մեր կյանքն այլևս առանց բջջային հեռախոսների չենք պատկերացնում: Սա հաշվի առնելով՝ կարողացանք ստեղծագործ մոտեցմամբ մեր մշակույթը բերել այդ դաշտ», – ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ավելացնում՝ Թիմի հետ շարունակում են քննարկել նախաձեռնության զարգացման օրակարգը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նկատում է՝ նախաձեռնությանը միանալու ու աջակցելու որոշումը հեշտ են կայացրել:

«Որպես ընկերություն՝ մենք կարևորում ենք սոցիալական պատասխանատվությունն ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մենք հեշտությամբ կարող ենք հայկական կոնտենտը ներկայացնել աշխարհին, ուրեմն ինչու չօգտագործել մեր ունեցած գործիքներն այդ նպատակի համար»:

Սիմֆոնիկ ռինգթոններն արդեն հասանելի են iTunes-ում, իսկ շուտով նաև մյուս երաժշտական հավելվածներում։ Ձայնագրված մեղեդիները կարող են օգտագործվել նաև սոցիալական ցանցերում որպես տեսանյութերի ֆոնային երաժշտություն։ 

Թողարկման նպատակն է նշանավոր ստեղծագործությունների հատվածների միջոցով հայ դասական երաժշտության առավել հռչակավոր ու հասանելի դարձնել միջազգային մասշտաբով:

Team Telecom Armeniaն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Share