Բաժին. Բիզնես

ԱՄԷ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԸ

Հայաստանի ներդրումային հնարավորություններին ու առկա ծրագրերին ծանոթացնելու, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով դեկտեմբերի 18-23-ը Զարգացման Հայկական գործակալության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանի ղեկավարությամբ,  եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են գործակալության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ԱՄԷ այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Աբու Դաբիի, Շարժայի, Ռաս ալ-Խայմայի, Ֆուջեյրայի, Ումմ ալ-Կուվեյնի առևտրաարդյունաբերական պալատներում, Դուբայի  և Ֆուջեյրայի օդանավակայաններին կից գործող ազատ առևտրի գոտիներում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային խորհրդում: Առանձին հանդիպում է կայացել նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի տեղակալ Աբդալլահ Սալեհի հետ:

Հանդիպումների ընթացքում հանգամանալից ներկայացվել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների կարգը, գործող օրենսդրական դաշտը, օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնյալ պայմանները: Հայաստանի տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի, ներդրումային դաշտի վերաբերյալ կազմակերպվել են շնորհանդեսներ: 

Փոխշահավետ համագործակցության ոլորտներից հատկապես հետաքրքրության են արժանացել ադամանդագործության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի բնագավառները:

Հանդիպումների ընթացքում ԱՄԷ գործարարներին փոխանցվել են տեղեկատվական փաթեթներ ու ծրագրեր: Պայմանավորվածություններ են ձեռքբերվել փոխադարձ այցեր կազմակերպել` փորձագետներից ու գործարարներից բաղկացած պատվիրակություններով:

Share