Բաժին. Բիզնես

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆակտորինգային գործառնությունների շուկայում: Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ավելի քան 65 %-ով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` արդեն մեկ տարուց ավել է, ինչ Ամերիաբանկը ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ, համաձայն որի Բանկը, ձեռք  բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները, վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը:

Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով դասական ֆակտորինգային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 400 մլն ՀՀ դրամ, որը Բանկի ֆակտորինգի ընդհանուր պորտֆելի  29%-ն է:

Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 30.11.11թ. դրությամբ 200 մլն ՀՀ դրամ է, որը կազմում է  ընդհանուր ֆակտորինգի պորտֆելի ավելի քան 14%-ը:

Ըստ նախնական հաշվարկների` Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2011թ. արդյունքներով կգերազանցի 2010թ. ցուցանիշն ավելի քան 80 %-ով` և կկազմի շուրջ 2,0 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկը 2012թ. ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ֆակտորինգի տեսականին և զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները:

Share