Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ 4G/LTE ՑԱՆՑԻ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՄԵԿՆԱՐԿԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ: Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն: Որպես շարժական կապի հայաստանյան շուկայի առաջատար օպերատոր, որը մշտապես առաջարկում է կապի գերժամանակակից ծառայություններ` կոմերցիոն հիմունքներով 4-րդ սերնդի ծառայություններ առաջարկելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես առաջինն է: 

Նախնական շրջանում, 4G/LTE ցանցը կգործի Երևանի կենտրոնում: Հետագայում տեխնոլոգիան կներդրվի Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև այլ մարզկենտրոններում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից` բաժանորդներին առաջարկվող 4G/LTE մոդեմը տեսականորեն ապահովում է ներբեռնման դեպքում մինչև 100 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:

4G/LTE տեխնոլոգիայի` աշխարհի ոչ մեծ թվով երկրներում իրականացված կոմերցիոն փորձարկումների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ապագայում 4G/LTE-ն կլինի նոր սերնդի շարժական լայնաշերտ ինտերնետի առավել ծախսարդունավետ և տարածված տեխնոլոգիան:

4G/LTE «Ինտերնետ էքսպրես» փաթեթ.

-Անլար մոդեմի արժեքն է 80000 դրամ

-Միացման վճարը կազմում է 20000 դրամ: Ենթակա է վճարման` միայն մոդեմի վարձակալության դեպքում

-Ամսական վճար` 15000 դրամ

-Երաշխիքային կանխավճար` 15000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին)

-Առավելագույն արագությունը` մինչև 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ

Նախքան 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը, 2010թ. դեկտեմբերից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում էր ֆունկցիոնալ փորձարկումներ` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները, վերջնական սպառողին մատուցվող ծառայության արագությունն ու որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ից կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագորման թույլտվություն` 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման նպատակով մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ` Երևանում 2500-2520 և 2620-2640, իսկ մարզերում` 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար:

Share