Բաժին. Բիզնես

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼ

Ռուսական «Սբերբանկ»-ն արդեն իսկ պատրաստել է և ամբողջական տեսքի բերել ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսի 25-ին ստարագրվել էր «Տրոյկա Դիալոգ» ընկերության 100% բաժնետոսմերը «Սբերբանկ»-ին փոխանցելու բոլոր իրավական փաստաթղթերը: Նախատեսվում է, որ գործարքի վերջնական ավարտին «Տրոյկա Դիալոգ»-ը կմիանա «Սբերբանկ»-ին` որպես վերջինիս առանձին ստորաբաժանում: Ըստ «Սբերբանկ»-ի տարածած հայտարարության` գործարքը կիրականացվի երկու փուլով և կտևի շուրջ 3 տարի: Գործարքի ընդհանուր արժեքն, ըստ նախնական գնահատականների, կազմում է 1 մլրդ դոլար:

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին և իր գործունեությունն է ծավալում ԱՊՀ տարածքում` հանդիսանալով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը զբաղվում է արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում է բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում է ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն: Ընկերության հիմնադիրներից է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Share