Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Range Rover-ի ամենաթանկ տարբերակը

Ամենաշքեղ ու թանկ Range Rover SV Lansdowne Edition ամենագնացը կթողարկվի 16 օրինակով։ Մեքենան կարժենա 250,000 ֆունտ։ Մեքենայի բոլոր օրինակներն արդեն վաճառվել են։

2022թ.-ին Jaguar Land Rover ավտոկոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է 330,781 մեքենա, ինչը 2021թ. ցուցանիշից պակաս է 21.4%-ով։ Չնայած վաճառքների կրճատմանը, 2020թ.-ից առաջին անգամ ընկերությունը շահույթ է արձանագրել՝ 251 մլն ֆունտ ստերլինգ։

Շահույթի նման ցուցանիշը մեծամասամբ պայմանավորված է Range Rover ամենագնացի վաճառքներով, որի միջին գինը 2022թ.-ին կազմել է 180,000 ֆունտ, մինչդեռ բազային մոդելի արժեքը 99,375 ֆունտ է։

Range Rover-ի գնորդները մեծ հաճույքով պատվիրում են մեքենայի առավել շքեղ մոդիֆիկացիաները, ինչպես նաև օգտվում պաշտոնական թյունինգային SV Bespoke ընկերության ծառայություններից։ SV Bespoke-ի կողմից արտադրված Range Rover SV Carmel Edition 17 մոդելներն անցյալ տարի վաճառվել են 375 հազար դոլարով։

Այժմ էլ ներկայացվել է Lansdowne Edition մոդելը, որի արժեքը 250,000 ֆունտ է։ Մեքնենան կարտադրվի 16 օրինակով։ Համեմատության համար նշենք, որ Range Rover-ի հիմնական մրցակիցներ Rolls-Royce Cullinan-ի և Bentley Bentayga-ի գները հետևյալն են՝ 264,000 ֆունտ և 162,500 ֆունտ։

Share