Բաժին. Բիզնես

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՍԹԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ» ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփել է «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի նախորդ տարվա արդյունքները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ամփոփման արդյունքում պարզ է դարձել, որ նախագծի մեկնարկից` 2011թ. օգոստոսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում  զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%-ով:

Նախագծի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել գնային բոլոր փոփոխությունները, որոնք նախագծի իրականացման 5 ամիսների ընթացքում նպաստել են զամբյուղի արժեքի բարձրացմանը:  Մասնավորապես, այս ցուցանիշի վրա ազդել են 2 հիմնական գործոն` սեզոնայնությունը (0.082%) և մատակարարման գնի փոփոխությունը (1.34%): Վերջինս պայմանավորված է եղել հիմնականում արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկայունությունը և ներքին շուկայում ինֆլյացիոն ֆոնը: Զամբյուղի արժեքի բարձրացման վրա առավելագույն ազդեցություն է ունեցել շաքարավազի թանկացումը 19.7 %-ով:

Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքների գնաճի զսպումը հնարավոր է դարձել ցանցում իրականացվող շաբաթական ակցիաների արդյունքում, որոնք զամբյուղի ընդհանուր արժեքն իջեցրել են 0.81%-ով:

Հիշեցնենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագիծը մեկնարկել է 2011թ. օգոստոսի 1-ին: Նախագծի նպատակն էր սահմանել վերահսկողություն առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ: Նախագծի շրջանակում` երկշաբաթյա պարբերականությամբ, ներկայացվում էր զամբյուղի ընթացիկ արժեքի փոփոխությունը նախորդ ցիկլի  նկատմամբ:

«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծում ներառված են լայն պահանջարկ ունեցող 180 ապրանքային միավոր, ինչպես օր` շաքարավազը, Լոռի և Շիրակ պանիրները, մածունը, կաթը, կարագը, թթվասերը, մայոնեզը, ձուն, արևածաղկի ձեթը, տավարի միսը, տավարի աղացած միսը, հավը, հավի բուդը, ձուկը, հացը և լավաշը, գինին, արևածաղիկը, ձիթապտուղը, հնդկաձավարը, բրինձը, վերմիշելը, մակարոնը, անձեռոցիկը, լվացքի փոշին, աման լվանալու հեղուկը և այլ սոցիալական նշանակության ապրանքներ:

Share