Բաժին. Բիզնես

SONY ERICSSON-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

2011 թվականի արդյունքներով շվեդա-ճապոնական Sony Ericsson Mobile Сorporation AB ընկերությունը կրել է 247 մլն եվրոյի վնաս: Այս մասին նշվում է բջջային հեռախոսների և այլ սարքավորումների արտադրության ոլորում առաջատար այս ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Sony Ericsson-ն ապահովել էր զուտ շահույթ` 90 մլն եվրոյի սահմաններում:

Հրապարակված տվյալների համաձայն` հաշվետու տարում ընկերության վաճառքի ծավալները նվազել են 17.4%-ով և կազմել 5.21 մլրդ եվրո: Ընկերության պարզաբանմամբ` նման անկումը պայմանավորված է ոլորտում առկա սուր մրցակցությամբ, ինչպես նաև ոչ բարենպաստ մակրոտնտեսական ցուցանիշներով:

Նշենք նաև, որ 2011 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Sony Ericsson-ի զուտ վնասը կազմել է 207 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Sony Ericsson բրենդը մոտ ապագայում կարող է մասնատվել: ճապոնական Sony ընկերությունը մտադիր է Ericsson ընկերությունից գնել իրենց համատեղ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և ձեռք բերելով ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողություն` այն միավորել սարքավորումների արտադրությամբ զբաղվող իր մյուս ստորաբաժանումների հետ: Sony-ն նպատակ է հետապնդում այս քայլով առավել բարձրացնել արտադրական գործընթացների արդյունավետությունը և զարգացնել անլար տեխնոլոգիաների արտադրությունը:

Sony Ericsson ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին:

Share