Բաժին. Բիզնես

NOKIA-Ի ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԵՆ

2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բջջային հեռախոսների արտադրությամբ առաջատար ֆիննական Nokia ընկերությունը կրել է 1.07 մլրդ եվրոյի վնաս: Այս նույն ամիսներին ընկերության հասույթը կազմել է 10 մլրդ եվրո, ինչը շուրջ 21%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ամբողջ 2011 թվականի արդյունքներով Nokia ընկերության համախառն հասույթը կազմել է 36.6 մլրդ եվրո, իսկ տարեկան զուտ վնասը` 1.2 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ 2011 թվականի վերջին եռամսյակի ընթացքում Nokia ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 19.6 մլն սմարթֆոն և 93.9 մլն բջջային հեռախոս: Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են համապատասխանաբար 31%-ով և 1%-ով:

Nokia ընկերության ղեկավար Սթիվեն Իլոպի պարզաբանմամբ` ընկերությունը, չնայած 2011 թվականն ամփոփել է վնասով, այնուամենայնիվ, այս մեկ տարվա ընթացքում գրանցել է զարգացման դրական միտումներ` ընտրելով իր գործունեության համար առավել ճիշտ ուղղություն: 2012 թվականի համար ընկերությունը մշակել է գործընկերների հետ համագործակցության նոր ծրագրեր:

Share