Բաժին. Բիզնես

CANON-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԿԼՔԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ

Էլեկտրոնիկայի և ֆոտոխցիկների արտադրությամբ առաջատար ճապոնական Canon ընկերության ներկայիս ղեկավար Ցունեդզի Ուտիդան մտադիր է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը (2012 թվականի մարտի 29-ը) լքել իր պաշտոնը: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ: Սպասվում է, որ այս պաշտոնում կնշանակվի ընկերության տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Ֆուդզիո Միտարան:

Հատկանշական է, որ Canon-ի ղեկավարի հրաժարականի մասին լուրը տարածվեց ընկերության ոչ այնքան տպավորիչ տարեկան ֆինանսական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Canon-ի զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե չի փոփոխվել` կազմելով 3.23 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 46.34 մլրդ դոլար:

Share