Բիզնես

Ալեքսանդր Մանթաշյանց. «նավթի արքան» ու մեծ բարերարը

Մանուֆակտուրայի առևտուրը նախորդ դարի ամենաձեռնտու զբաղվածություններից էր: Այդ տարիներին առևտրականի ընտանիքում ծնվելը մեծ հաջողություն կարելի էր համարել, բայց եղավ մեկը, որը ձեռներեցության այդ ճյուղը թողեց ու ոչ թե տապալվեց, այլ հաջողեց:

Այսօր «նավթի արքայի» ծննդյան օրն է: Հենց այդ առիթով մարտի 3-ը Հայաստանում նշվում է՝ որպես գործարարի օր:

Այս առիթով 20-րդ դարասկզբի  ամենահարուստ մարդու՝ հայազգի գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին ենք պատմելու:

Նրան համարում էին «բախտավոր աստղի տակ ծնված», բայց նրա կյանքի «բախտավոր աստղը» հոր և շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանի ընկերությունը եղավ: Հենց նրա խորհրդով հայր Մանթաշյանցը միակ որդու հետ շրջագայեց Եվրոպայում և Պարսկաստանում ու տեղի հայ վաճառականների հետ առևտրական կապեր հաստատեց։

Շուտով Մանթաշյանց ընտանիքը Թավրիզում հիմնած բիզնեսը տեղափոխում է Թիֆլիս:

Հոր մահից հետո Ալեքսանդրը 200 հազար ռուբլի ժառանգություն է ստանում…և հենց այստեղ էլ սկսվում է նրա պատմությունը:

Բաքվից նավթային փողերի հոտ էր գալիս, իսկ Ալեքսանդրի բիզնես հոտառությունը շատ սուր էր: Այդ տարիներին Բաքվի նավթային բիզնեսը գրեթե ամբողջությամբ հայերի ձեռքում էր՝ «Միրզոև և եղբայրներ», «Ղուկասով եղբայրներ», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Սյունիք», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ» և այլն: Այս ընկերությունների անունը թնդում էր տարածաշրջանում, շուտով սակայն Բաքվի առաջին նավթարդյունաբերողին՝ Հովհաննես Միրզոյանին պատկանող «Միրզոև և եղբայրներ» ընկերությունը նոր ազդեցիկ մրցակից է նշմարում շուկայում. Ալեքսանդր Մանթաշյանցի «Մանթաշև և ընկերներ» ընկերությունը շուտով իր ձեռքն է վերցնում նավթի շուկայի առյուծաբաժինը՝ դառնալով Բաքվի նավթի պաշարի կեսից ավելին տնօրինող ընկերությունը: Մանթաշյանցը ստանում է «նավթի արքա» մականունը, նրա նավթային առևտրատներն ու դրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում: Մանթաշյանցն է  ֆինանսավորել Բաքու-Բաթումի աշխարհում առաջին 835-կիլոմետրանոց խողովակաշարի շինարարությունը: Այդ շրջանում նրա ունեցվածքը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի:

Մանթաշյանցը ոչ միայն նստած էր նավթի տակառի վրա, այլ նաև այլ բիզնեսներ ուներ: Նա Թիֆլիսի առևտրական բանկի գլխավոր բաժնետերն էր: Ի դեպ, այս բանկի միջոցով նա վարկեր ու արտոնություններ էր տրամադրում Կովկասի հայ գործարարներին:

Ի դեպ, նավթային հայազգի մագնատի ֆինանսավորմամբ է Թիֆլիս հասել կապի առաջին մալուխն, ինչի հիման վրա քաղաքն ապահովվել է հեռախոսակապով:

Մանթաշյանցը շքեղ առանձնատներ ուներ Եվրոպայում, Պարսկաստանում, Բաքվում, Թիֆլիսում ու Բաթումում: Նա ապրել ու գործունեություն է ծավալել Փարիզում, Մանչեսթրում: Փարիզը սիրում էր, իսկ Բաքուն՝ ոչ: Բաքու գնում էր միայն գործի բերումով, բայց սիրում էր Բաքվի նավթը, որովհետև հենց նավթային փողերով կառուցում եկեղեցիներ, զբաղվում բարեգործությամբ, հովանավորում հայ երիտասարդներին: Նրանց թվում է եղել Կոմիտասը:

Եկեղեցաշինության հարցում նրա գործունեությունը հետաքրքիր էր, բազմաշերտ ու ճակատագրական: Նա է ֆինանսավորել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և առաջնորդարանի շինարարությունը, Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի կառուցումը, Էջմիածնի մայր տաճարի, Մցխեթի վրացական տաճարի վերանորոգումը և այլն:

Ի դեպ, ճակատագրական հանգանակության մասին: Նրա ֆինանսավորմամբ է վերանորոգվել նաև Թիֆլիսի Վանքի եկեղեցին, որի գավիթում էլ թաղվել է: Մահից հետո նրա ունեցվածքը գնահատվել է 25 միլիոն ռուբլի: Այժմ իր ժամանակակի ամենահարուստ մարդկանցից մեկը, նավթի արքա ու  մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը գերեզման չունի:

1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը։ Վանքից մեր օրեր չի հասել Մանթաշյանցի աճյունը, բայց հայկական հետքի մասին մինչ օրս հիշեցնում են Վանքի զանգակատունն ու այն գեղեցիկ, շքեղ շենքերը, որոնք Թիֆլիսում ժամանակին կառուցվել են Մանթաշյանցի փողերով:

Share