Բաժին. Բիզնես

ԼԻՏՎԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐՈՎ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` ողջունելով հյուրին Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները և կարևորել համագործակցության զարգացման հեռանկարները: Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկել, երկուստեք ընդլայնելով կապերը, տեղական ինքնակառավարման մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` այդ հարցերում ակնկալելով դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունը:

Դեսպանը քաղաքապետին հայտնել է, որ լիտվացի գործարարները հետաքրքրված են Երևանի  բիզնես միջավայրով և առաջարկել է կազմակերպել փոխայցելություններ ու ծրագրային քննարկումներ: Գեդրիուս Ապուոկասը ընդգծել է, որ գործակցության հաջողված օրինակներ արդեն կան և դրանք պետք է զարգացնել: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նշել է ծրագրերի այն շրջանակը, որտեղ համագործակցելու հեռանկարներ կան:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լիտվացի գործարարներին բիզնես առաջարկությունների փաթեթ ներկայացնել, որը համապատասխան կլինի նրանց հետաքրքրություններին:

Երևանի քաղաքապետը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Share