Բաժին. Բիզնես

WSJ. Իլոն Մասկը Տեխասում կկառուցի սեփական քաղաք` իր աշխատակիցների համար

Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկը մտադիր է Տեխասի մայրաքաղաք Օսթինի մերձակայքում ձեռք բերված հազարավոր ակր հողի վրա կառուցել իր սեփական քաղաք-ուտոպիան: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ հողատերերի և անշարժ գույքի գործակալների հետ հանդիպումների ժամանակ Մասկը նկարագրել է իր սեփական քաղաքը հիմնելու տեսլականը՝ որպես տեխասյան ուտոպիա, որը գտնվելու է Կոլորադո գետի երկայնքով, և որտեղ իր ընկերությունների աշխատակիցները կարող են ապրել և աշխատել:

Մասկը ցանկանում է քաղաքն անվանել Սնեյլբրուք (Snailbrook)՝ ի պատիվ Boring ընկերության թալիսմանի: Ըստ Wall Street Journal-ի՝ երբ Մասկը հիմնել է ընկերությունը, նա աշխատողներին հանձնարարել է կառուցել հորատման մեքենաներ, որոնք կշարժվեն խխունջից ավելի արագ (անգլերեն snail՝ խխունջ):

Քաղաքը կգտնվի Boring և SpaceX ընկերությունների կառուցվող ձեռնարկությունների մոտ։ Քաղաքի համար նախատեսված վայրում արդեն կառուցվել են մոդուլային տներ, լողավազան, բացօթյա մարզահրապարակ և մարզասրահ։

Ըստ հրապարակման՝ Մասկն անցյալ տարի մի քանի անգամ քննարկել է քաղաքի վիզուալ նախագիծն իր նախկին ընկերուհու՝ կանադացի երգչուհի Գրայմսի, ռեփեր Քանյե Ուեսթի և Ուեսթի ճարտարապետ-նախագծողի հետ։

Համաձայն Տեխասի օրենքի՝ քաղաքը պետք է ունենա առնվազն 201 բնակիչ՝ նախքան գրանցման համար դիմելը: Բաստրոպ շրջանը, որտեղ պետք է գտնվի Մասկի Սնեյլբրուք քաղաքը, առայժմ դիմում չի ստացել Իլոն Մասկից կամ նրա կազմակերպություններից որևէ մեկից։

Share