Բաժին. Բիզնես

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ԲՐԵՆԴԸ

Ռուսական «Սբերբանկ»-ին միացած և վերջինիս կազմում որպես առանձին ստորաբաժանում ներկայացող «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ մոտակա 2 շաբաթների ընթացքում կհաստատվի վերափոխված ներդրումային ընկերության նոր անվանումը, որը հնարարություն կտա առավել ակտիվ և արդյունավետ գովազդել «Սբերբանկ»-ի գործունեությունը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ռուսական «Սբերբանկ»-ը և ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունն իրենց պաշտոնական հայտարարությամբ հաստատել էին այս երկու ընկերությունների միաձուլման գործընթացի ավարտը: Նախատեսվում է, որ միաձուլման արդյունքնում «Սբերբանկ»-ի կառուցվածքում, «Տրոյկա Դիալոգ»-ի հիմքերի վրա, կստեղծվի բիզնեսի նոր ստորաբաժանում` կորպորատիվ-ներդրումային բանկ (CIB), որը ծառայություններ կմատուցի ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին ու ֆինանսական ինստիտուտներին: Նոր ստորաբաժանումը կզբաղվի ակտիվների կառավարմամբ ու ներդրումային պրոդուկտների վաճառքով:

Նշենք, որ «Սբերբանկ»-ի այս նոր ստորաբաժանման ղեկավար կազմում կընդգրկվի «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավարների խումբը` Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

«Սբերբանկ»-ը մտադիր է մինչև 2014 թվականը, «Տրոյկա Դիալոգ»-ի գնման շնորհիվ, կրկնապատկել իր բանկային-ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտները:

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել էր 1991 թվականին և իր գործունեությունն էր ծավալում ԱՊՀ տարածքում` հանդիսանալով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը զբաղվում էր արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում էր բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում էր ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն: Ընկերության հիմնադիրներից է նաև Ռուբեն Վարդանյանը:

Share