Բաժին. Բիզնես

COCA-COLA-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄՈՒՄ Է 8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունն ամփոփել է 2011 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու այս մեկ տարում Coca-Cola-ի զուտ շահույթը կրճատվել է ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլարով (-27%) և կազմել 8.57 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է շուրջ 3 անգամ` կազմելով 46.54 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները` 2011 թվականին ևս ընկերության արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկը շարունակել է բարձր մնալ: Զուտ շահույթի տարեկան ցուցանիշի անկումը բացառապես պայմանավորվել է ընկերության վերակազմավորման ծախսերով, ինչպես նաև հումքի գնման ծախսերի աճով:

Հիշեցնենք, որ վերջերս Coca-Cola ընկերությունը հայտարարել էր առաջիկա 10 տարիների ընթացքում 100 հազար նոր աշխատատեղի ստեղծման իր մտադրության մասին: Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Coca-Cola-ի գործադիր տնօրեն Մուխտար Կենտը նշել էր, որ ընկերությունն առաջիկա տարիներին մտադիր է իր գործունեությունն առավել ընդլայնել ասիական երկրներում, և, մասնավորապես, Չինաստանում և Հնդկաստանում: Այս երկրներում ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 10 մլրդ դոլարի ներդրում:

Նշենք, որ ամերիկյան Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում, որտեղ աշխատում է շուրջ 700 հազար մարդ:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share