Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված` Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում տեղի ունեցավ նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխության արարողությունը:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ամենամյա`«Նորարար ուսուցիչներ» ֆորումի ընթացքում, որը «Գործընկերներ ուսման ոլորտում» համատեղ ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնում են Մայքրոսոֆթ ընկերությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Այս տարի անցկացվող մրցույթի հովանավորությունը ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:  

«Նորարար ուսուցիչներ» ֆորումի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ուսուցման և դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված այն նորարար տեխնոլոգիաները, որոնք մշակել են ուսուցիչները:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր 41 նախագիծ, որոնցից 13-ն անցել է եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները, և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված գլխավոր մրցանակակիրը  հնարավորություն ստացավ մասնակցելու Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում տեղի ունենալիք Մայքրոսոֆթի եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին և իր նախագիծը ներկայացնելու միջազգային հարթակում:

Հայաստանյան մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցներն արժանացան ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայքրոսոֆթ ընկերության պատվոգրերին, իսկ հաղթող նախագծերը` ՎիվաՍել-ՄՏՍ և Մայքրոսոֆթ ընկերությունների կողմից սահմանված մրցանակներին հետևյալ անվանակարգերում՝

– Գլխավոր մրցանակ.  մասնակցություն «Եվորպական նորարար ուսուցիչներ» ֆորումին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում, մարտի 19-22, 2012` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մայքրոսոֆթի կողմից

– Առաջին մրցանակ. սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

– Երկրորդ մրցանակ. սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

– Երրորդ մրցանակ. սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

– Հատուկ մրցանակ. սահմանված Մայքրսոֆթ ԱրԷյ ընկերության կողմից

– Խրախուսական մրցանակներ. սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

– Հանդիսատեսի ընտրություն

«Նորարար ուսուցիչներ» ֆորումը Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ: Նախորդ տարվա մրցանակակիրներն արդեն իսկ առիթ են ունեցել ներկայացնելու իրենց նորամուծությունները Բեռլինում և Մոսկվայում կազմակերպված «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումին: Նշենք, որ նախորդ տարի հայաստանյան մրցույթի գլխավոր մրցանակակիրը` ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը, եվրոպական ֆորումում ևս արժանացավ առաջին պատվավոր մրցանակին:

Share