Բաժին. Բիզնես

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանի և կենտրոնի տնօրինության հետ: Ողջունելով կենտրոնի արտադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի  գործունեությանը:

Խոսելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և առաքելության մասին՝ կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է, և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է Սամ Սիմոնյանը:

Նշենք, որ ԹՈՒՄՈ կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներին մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար և պատրաստակամություն է հայտնել համագործակցելու կրթական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ևս միտված է կրթության որակի բարձրացմանը, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով:

Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

ԹՈՒՄՈ կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ՝ Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ և շարունակական մասնակցության համար:

Share