Բաժին. Բիզնես

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ HYATT ՀՅՈՒՐԱՆՈՑ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Hyatt international ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայների գլխավորած աշխատանքային խմբի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանում Hyatt international ընկերության ներդրումային ծրագրերը: Քաղաքապետը ողջունել է ընկերության ներդրումային առաջին ծրագիրը Երևանում՝ Hyatt ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը:

«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ձեզ՝ հայաստանյան, մասնավորապես, երևանյան շուկա մուտք գործելու կապակցությամբ: Մեզ համար, իրոք, կարևոր է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի ներկայությունը Երևանում, ինչը իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացմանը մեր մայրաքաղաքում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  

Hyatt international ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայները ԵրևանումHyatt հյուրանոցի կառուցումը կարևորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունն է տարածաշրջանում: «Շնորհակալ ենք, որ մեծապես աջակից եք եղել մեր նախագիծը կյանքի կոչելու հարցում և ակնկալում ենք Ձեր շարունակական աջակցությունը՝ քաղաքային ենթակառուցվածքների հետ կապված հարցերում: Երևան քաղաքը զարգացման լուրջ հեռանկարներ ունի,  և մենք ցանկություն ունենք շարունակելու ներդրումային ծրագրերը»,- նշել է Գեբհարդ Ռայները՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ ցանկություն կա Երևանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան նշել է, որ Երևանի քաղաքապետարանը լիազորությունների սահմաններում առավելագույն աջակցություն կցուցաբերի, որպեսզի նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվեն:

Hyatt international ընկերության հայաստանյան գործընկեր, գործարար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երևանում շարունակական ծրագրեր է նախատեսում: «Բազմաթիվ մտահղացումներ ու ծրագրեր ունենք զբոսաշրջության բնագավառում, որոնք նախատեսում են նաև նոր ենթակառուցվածքների ստեղծում, և մեր նպատակակետը մոտ է: Արդեն տարեվերջին առաջին հյուրանոցը կբացվի, և կտեսնեք, թե մեր քաղաքի հյուրերին ինչպիսի հարմարավետություն ենք առաջարկում»,- նշել է գործարարը:

Share