Բաժին. Բիզնես

LINKEDIN-Ի ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐ

LinkedIn սոցիալական ցանցն ամփոփել է 2011 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, LinkedIn-ն ապահովել է զուտ շահույթի 30% աճ: Հաշվետու երեք ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 6.9 մլն դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով եռամսյակային զուտ շահույթը կազմել է 0.06 դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը գրեթե կրկնապատկվել է և կազմել 167.7 մլն դոլար: Հատկանշական է, որ ընկերության եռամսյակային ֆինանսական ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների և շուկայի մասնակիցների սպասումները:

Նշենք, որ LinkedIn-ի եռամսյակային եկամուտների մեծ մասը ձևավորվել է սոցիալական կայքում գործատուների վճարողի հայտարարությունների տեղադրման, ինչպես նաև գովազդի վաճառքի հաշվին: Ընդ որում, ընկերությունն իր հասույթի շուրջ երկու երրորդն ապահովել է ԱՄՆ-ում:

Ընդհանուր 2011 թվականի արդյունքներով LinkedIn-ի տարեկան հասույթն աճել է 115%-ով և կազմել 522 մլն դոլար, իսկ զուտ շահույթը մեկ սովորական բաժնետոմսի հաշվով կազմել է 0.11 դոլար:

2012 թվականի առաջին եռամսյակի համար ընկերությունն ակնկալում է 170-175 մլն դոլարի հասույթ:

LinkedIn-ը, որպես սոցիալական ցանց, իրենից ներկայացնում է տիրույթ, որտեղ կարելի է ծանոթություններ հաստատել կամ վերականգնել նախկին կապերը, ձեռքբերել հավանական գործընկեր, աշխատակից, կամ էլ աշխատանք գտնել: Այն, ընդհանուր առմամբ, աշխատանքին նվիրված հսկայական սոցիալական ցանց է: Այսօր LinkedIn-ում գրանցված է ավելի քան 90 միլիոն օգտագործող:

Share