Բաժին. Բիզնես

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՂԵԿԱՎԱՐԻ L'OREAL-Ը

Ֆրանսիական L’Oreal ընկերության համասեփականատերն ու Եվրոպայի ամենահարուստ կինը` Լիլիան Բետանկուրը, հեռացել է ընկերության տնօրենների խորհրդի կազմից` իր տեղը զիջելով դստեր որդուն` 25-ամյա Ժան-Վիկտոր Մայերսին: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը: Նշենք, որ Բետանկուրների ընտանիքին պատկանում է L’Oreal ընկերության բաժնետոմսերի 30%-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին Լիլիան Բետանկուրը դատարանի որոշմամբ ճանաչվել էր անաշխատունակ և հանձնվել էր ընտանիքի անդամների խնամակալությանը: Նրա ունեցվածքի և ակտիվների տնօրինության իրավունքը դատարանը փոխանցել էր աղջկան` Ֆրանսուազա Բետանկուրին:

2011 թվականի արդյունքներով կոսմետիկայի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար L’Oreal ընկերությունն ապահովել է շահույթի շուրջ 8% աճ, վաճառքի ծավալների` 5% աճ: Ընկերության տարեկան շահույթը կազմել է 3.29 մլրդ եվրո:

Հատկանշական է, որ այս մեկ տարվա ընթացքում L’Oreal-ը զգալի առաջընթաց է գրանցել ասիական և աֆրիկյան շուկաներում: Միևնույն ժամանակ, Եվրոպայի ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը փոքր-ինչ նվազել է:

Share