Բաժին. Բիզնես

ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՉԵՆ

Սոցիալական ցանցերի համար խաղեր մշակող ամերիկյան Zynga ընկերությունը 2011 թվականն ամփոփել է վնասով: IPO-ից (Արժեթղթերի առաջնային  տեղաբաշխում) հետո ընկերության հրապարակած առաջին ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում Zynga-ի կրած զուտ վնասը կազմել է 404.3 մլն դոլար: Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկող զուտ վնասը կազմել է 1.4 դոլար:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ տարում Zynga-ի հասույթը գրեթե կրկնապատվել է և կազմել 1.4 մլրդ դոլար:

Ներկայումս ընկերության արտադրության օնլայն խաղերի օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է 150 մլն-ը:

Հիշեցնենք, որ Zynga ընկերությունը, որն առավել հայտնի է Facebook սոցիալական կայքում ներկայացված իր խաղերով, նախորդ տարվա դեկտեմբերին NASDAQ բորսայում իրականացրել էր IPO, որի շրջանակներում ընկերությունը տեղաբաշխման ենթակա իր արժեթղթերից յուրաքանչյուրի գինը սահմանել էր 10 դոլար և վաճառել 100 մլն արժեթուղթ: IPO-ի կազմակերպման գործընթացում Zynga-ն համագործակցել էր ամերիկյան Morgan Stanley և Goldman Sachs բանկերի հետ:

Share