Բաժին. Բիզնես

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԻՆ

Այսօր` փետրվարի 15-ին, տեղի է ունեցել ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին (ԱրմՌոբոտիքս խմբակ) նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 5 կրթական հաստատությունների հանձնել են ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդելու համար: 5 կրթական հաստատություններն են Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 և Այբ ավագ դպրոցները: Ասուլիսի ընցացքում ցուցադրվել են նաև ռոբոտաշինության խմբակներում երեխաների կողմից պատրաստված այլ ռոբոտներ:

«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այժմ յուրաքանչյուր ԱրմՌոբոտիքսի մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- ասել է է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«ՎիվաՍելՄՏՍը համագործակցում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` երկրում ռոբոտաշինության զարգացումը խրախուսելու նպատակով: Այդ զարգացումն ապահովելու կարևոր նախապայման է փոքր տարիքից ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը զբաղվում է նաև հատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ և ստեղծմամբ, որի նպատակն է ռոբոտաշինության խմբակներ բացել հանրապետության տարբեր դպրոցներում: Դպրոցներում խմբակների ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2009 թվականից, երբ ռոբոտների մրցույթներից հետո ծնողները հետաքրքրվում էին` որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում:   Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ:

Share