Բաժին. Բիզնես

Facebook-ի և Instagram-ի վճարովի վավերացման գործառույթը մեկնարկում է ԱՄՆ-ում

Facebook-ի և Instagram-ի համար Meta-ի վճարովի վավերացման համակարգը այժմ գործարկվում է ԱՄՆ-ում, ուրբաթ օրը հայտարարեց գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Փետրվարին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջին անգամ ներկայացված Meta Verified-ը տալիս է առավելություններ, ինչպիսիք են կապույտ վավերացման նշանը, անձը նույնականացնելու ակտիվ պաշտպանությունը և ուղղակի մուտք դեպի հաճախորդների աջակցություն: Բաժանորդագրությունն արժե 11,99 դոլար/ամիս համացանցում և 14,99 դոլար/ամիս բջջային սարքերում:

Այնուամենայնիվ, Meta Verified-ի ԱՄՆ տարբերակը չի ապահովի ձեզ ավելի մեծ տեսանելիություն և հասանելիություն, ինչպես դա անում է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: «Մենք տարբեր արձագանքներ լսեցինք, որ առաջարկի այս հատվածը խառնաշփոթ է առաջացնում, ուստի մենք ժամանակ ենք հատկացնում դրա արժեքն ավելի ուսումնասիրելու և հասկանալու համար՝ նախքան կքննարկենք ընդլայնելու այս գործառույթի հասանելիությունը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սահմաններից դուրս», – The Verge-ին ասում է Meta-ի խոսնակ Փեյջ Քոհենը:

Ամսավճարից բացի, դուք պետք է լինեք 18 տարեկան և ավելի, ներկայացնեք ձեր ID-ի լուսանկարը Meta-ին, բավարարեք Meta-ի գործունեության նվազագույն պահանջները և միացված լինի ձեր երկգործոն նույնականացումը: Վավերացվելուց հետո դուք չեք կարող փոխել ձեր օգտանունը, պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը կամ լուսանկարը, եթե նորից չանցնեք վավերացմանը:

Meta Verified-ով ընկերությունը հետևում է վերագործարկված Twitter Blue ստուգման համակարգի քայլերին, որը գործարկվել է նոր սեփականատեր Իլոն Մասկի ղեկավարությամբ: Բայց, ի տարբերություն Twitter-ի, եթե մինչև Meta Verified նոր համակարգի գործարկումն ունեիք վավերացման նշան Instagram-ում կամ Facebook-ում, ըստ Meta-ի, ձեզ համար ոչինչ չի փոխվի: Ասել է թե՝ չնայած Մասկի խոստումներին՝ հեռացնել «ժառանգած» վավերացման նշանները, դրանք մինչ այժմ դեռ կան:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share