Բաժին. Բիզնես

GM-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը, որը, 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայտնվելով ծանր ֆինանսական դրության մեջ, մեկնարկել էր վերակազմավորման գործընթաց, 2011 թվականի արդյունքներով գրանցել է տարեկան ֆինանսական ցուցանիշների ռեկորդային արդյունք: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով General Motors-ի զուտ շահույթն աճել է ավելի քան 1.6 անգամ` կազմելով 7.6 մլրդ  ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 4.58 ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2010 թվականին ցուցանիշը կազմել էր 2.89 ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի արդյունքներով General Motors-ի հասույթը կազմել է 150.3 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով աճելով շուրջ 10.8%-ով:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրներում: Միևնույն ժամանակ, ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում: GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share