Բիզնես

Գալուստ Գյուլբենկյան. «Պարոն 5%»-ը , որը երազում էր զբաղվել գիտությամբ ու երազել

Վանա լճի հարավային կողմում` Ռշտունիքում իշխում էր հայոց Ռշտունիների նախարարական տոհմը: Պատմաբանների շրջանում կարծիք կա, որ Գյուլբենկյանները հենց այս տոհմից են սերել: Ռշտունիները թուրքական հալածանքից խուսափելու համար ընդունում են թուրքական արմատներով գյուլ-բենկ ձևը, որը թարգմանաբար նշանակում է Վարդ Պատրիկ: Սա ազնվական տիտղոս էր, որին Ռշտունիներն արժանացել էին Կապադովկիայում՝ Արծրունիների իշխանական տոհմի հետ ունեցած հակամարտության պատճառով Ռշտունիքից հեռանալուց հետո:

Կապադովկիայում Գյուլբենկյանները դառնում են տեղի ամենահարուստ ու հայտնի ընտանիքներից, մի քանի առևտրատների տեր դառնում ու զբաղվում բիզնեսով:

Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանները տոհմի գործարարներն էին: Բայց հաջողակ առևտրական-գործարարներից ծնվում է առավել հաջողակ մեկը՝ Գալուստ Գյուլբենկյանը: Նա ընտանիքի երեք զավակներից ավագն էր: Ենթադրվում էր, որ նա պետք է շարունակի ծնուղների գործարար ուղղությունը, սկայն նա որոշում է զբաղվել նավթի արդյունահանմամբ:

Ժամանակի ամենահայտնի ու հարուստ հայերից մեկի՝ «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի առևտրատան հարևանությամբ գտնվում էր Գալուստ Գյուլբենկյանի առևտրատունը: Այս հարևանությունը ճակատագրական էր Գյուլբենկյանի համար: Մի անգամ Մանթաշյանցը նրան առաջարկում է մեկնել Բաքու ու զբաղվել նավթի արդյունահանմամբ:

Բաքվում սև ոսկու բիզնեսով զբաղվելու ընթացքում Գյուլբենկյանը գրում է «Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճանապարհորդական հուշեր» գիրքը, որից հետո հիմնվեց թուրքական նավթային ընկերությունը, որի արժեթղթերի 15%-ը պատկանում էր մեր հայրենակցին: Այդ շրջանում նա նաև Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում օսմանյան դեսպանությունների տնտեսական խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքական նավթային ընկերությունը վերափոխվեց Իրաքի նավթային ընկերության: Դրա բաժնետոմսերի 5%-ը բաժին հասավ Գալուստ Գյուլբենկյանին: Վերջինս ձեռք բերեց «Պարոն 5%» մականունը: Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, որից հետո Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

Գալուստ Գյուլբենկյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր: Անգլիական իշխանությունները ցանկանում էին նրա ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային բիզնեսի թահլեյրա» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա:

Գալուստ Գյուլբենկյանը կյանքի վերջին տարիներն անց է կացնում Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում: Մահից հետո նա իր որդուն թողել է իր ունեցվածիք շատ փոքր մասը, փոխարենը, նրա կտակի համաձայն՝ ստեղծվել է բարեգործական ընկերություն՝ Գյուլբենկյան հիմնադրամը, որին 300 միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար էր թողել հայազգի գործարարը:

Բացի բիզնեսով ու բարեգործությամբ զբաղվելուց՝ Գյուլբենկյանը նաև արվեստի մեծ երկրպագու էր: Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6000 օրիգինալ նմուշ։ Նա Եվրոպայում զբաղվել է հայկական եկեղեցաշինությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլբենկյան» մատենդարանի շենքն է կառուցել, որին ժամանակին նաև գրականություն է մատակարարել։ Նրա հովանու տակ էին Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները: Նա 400 հազար դոլարի օգնություն է տվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար: Իսկ նրա հիմնադրամը մինչ օրս օգնում է Երևանի Մատենադարանին:

Որքան էլ, գրավիչ թվա մեծահարուստի կյանքը, դա նաև մեծ պարտավորություն է, որ ետևիցդ քարեր չնետեն: Հաճախ բիզնեսի ու փողերի աշխարհը խժռում է մարդու ամենապարզ երազանքները, որոնց իրականացումն ավելի է երջանկացնում մարդուն, քան այն ցոպ ու շվայտ կյանքը, որ կարող են իրենց թույլ տալ մեծահարուստները: Բարեգործությամբ նույնիսկ հետմահու զբաղվող Գալուստ Գյուլբենկյանի հենց այդ պարզ երազանքներն էին, որ անկատար մնացին.

«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»

Share