Բաժին. Բիզնես

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գումարեց 2023թ․ ընդհանուր ժողովը

2023թ. մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) անցկացրեց իր հերթական հաշվետու ընդհանուր ժողովը, որը ԱԱՊՀ-ի հիմնաքարային միջոցառումներից է և գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովը նախագահեց ԱԱՊՀ գործող նախագահ պրն. Աշոտ Հովհաննիսյանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինը նույնպես ներկա էր ժողովին: Դեսպան Քվինը հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր գործընկերությունը և ուրվագծելով Հայաստանում իր տնտեսական առաջնահերթությունները։

Ժողովի ընթացքում ներկայացվեց ԱԱՊՀ 2021-2023 թվականների զեկույցը՝ ներառյալ այս շրջանում ԱԱՊՀ-ի ռազմավարության իրագործումը, ընդհանուր գործունեությունը, ֆինանսական վիճակը, ինչպես նաև կազմակերպչական առաջնահերթությունների և պլանների ուրվագիծը:

Ժողովի ընթացքում նաև կայացավ ԱԱՊՀ Տնօրենների խորհրդի հերթական ընտրությունը, որից առաջ առաջադրված թեկնածուները հանդես եկան կարճ ելույթներով և ներկայացրին ԱԱՊՀ նպատակների իրագործման իրենց տեսլականը:

ԱԱՊՀ Տնօրենների խորհուրդը՝ ներառյալ Խորհրդի Նախագահը, երկու Փոխնախագահները և ինը անդամ Տնօրենները, ընտրվեցին երկու տարի ժամկետով, սկսած  2023 թվականից։

Ընդհանուր ժողովը ԱԱՊՀ նախագահ ընտրեց տկն. Էլինա Մարկարյանին (Կոկա-Կոլա ՀԲՔ)։

Պալատի առաջին փոխնախագահ ընտրվեց տկն․ Իրինա Սեյլանյանը (HSBC Բանկ Հայաստան), իսկ երկրորդ փոխնախագահ/գանձապետ ընտրվեց պրն. Կարեն Գարասեֆերյանը (Ջեյ Թի Այ Արմենիա):

Ընդհանուր ժողովը ընտրեց նաև 9 տնօրեններին, հետևյալ հերթականությամբ`

  • Պրն. Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խումբ
  • Պրն. Ներսես Ներսիսյան, Քեյ-Փի-Էմ-ՋիԱրմենիա
  • Պրն․Դագեն Վալենտին, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ
  • Պրն. Գագիկ Գյուլբուդաղյան, Գրանթ Թորնթոն
  • Տկն․Իրինա Դումանյան, Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր
  • Պրն․Աշոտ Հովհաննիսյան, Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ
  • Տկն. Վիկտորյա Պողոսյան, Ֆիլիպ Մորրիս Արմենիա
  • Պրն․Վարուժան Ավեդիքյան, Թի Քեյ ընդ Փարթներս
  • Պրն. Գևորգ Գոյունյան, Հայաստանի ամերիկյան համալսարան

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 160 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ:

Share