Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Զարգացման հայկական բանկը որդեգրել է զարգացման նոր` աճող ռազմավարություն և ներկայանում է որպես նոր որակի բիզնես մշակույթ ձևավորող և կայուն կորպորատիվ հարաբերություններ կառուցող բանկ` առաջարկելով բանկային գործիքների և ծառայությունների նոր փաթեթ:  Այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանն` ամփոփ ներկայացնելով բանկի որդեգրած աճող ռազմավարության հիմնական ուղղությունները:

Այսպես,  Զարգացման հայկական բանկն իր նոր ռազմավարության շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ավանդների ներգրավման համեմատաբար բարձր տոկոսադրույքներ, փոքր և միջին բիզնեսի համար ներդնում է վարկավորման արդյունավետ պայմաններ, բանկային շուրջ 14 ծառայություններ մատուցում է 0-ական սակագներով, ինչպես նաև նախատեսում է ապահովել տարածքային զարգացում` բացելով նոր մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Զարգացման հայկական բանկը շարունակական համագործակցության քաղաքականությունը գերադասում է դիպվածային և ժամանակավոր շահութաբեր քաղաքականությունից և առավել կարևորում է իր հին ու նոր հաճախորդների հետ այնպիսի կորպորատիվ հարաբերությունների կառուցումը, որոնք միտված են համաչափ և կայուն զարգացմանը», – իր խոսքում ընդգծեց Կարեն Սարգսյանը:

Նշենք, որ 2011 թվականի ընթացքում Զարգացման հայկական բանկը գրանցել է ակտիվների 60% աճ: Համանման աճ է գրանցել նաև վարկային պորտֆելը, որը տարեվերջին կազմել է շուրջ 24 մլրդ ՀՀ դրամ: Ներկայացված տվյալների համաձայն` նախորդ տարվա արդյունքներով Զարգացման հայկական բանկի բիզնես պորտֆելում ՓՄՁ վարկավորման ծավալները կազմել են 74%: Միևնույն ժամանակ, տնտեսության տարբեր ոլորտների վարկավորման տեսանկյունից բանկի վարկային պորտֆելն ապահովել է հետևյալ կառուցվածքը. բիզնես վարկերը կազմել են պորտֆելի 60%-ը, հիփոթեքային վարկերը` 24%-ը: Բիզես վարկերն առավելապես ուղղվել են առևտրի, արտադրության, տրանսպորտի, հանրային սննդի և շինարարության ոլորտներ: Կարեն Սարգսյանի խոսքերով` 2012 թվականի համար բանկը կանխատեսում է վարկային պորտֆելի աճ` մինչև 32 մլրդ ՀՀ դրամ:

2011 թվականի ընթացքում բանկի հաճախորդների ընդհանուր թիվն աճել է 56%-ով (այսօր բանկն ունի շուրջ 11 հազար հաճախորդ): Այս նույն ժամանակահատվածում ավանդատուների քանակն աճել է 2.3 անգամ, ավանդային պորտֆելը` 2 անգամ:

Հաշվետու տարվա արդյունքներով Զարգացման Հայկական Բանկն ապահովել է 770 մլն ՀՀ դրամի շահույթ, ընդ որում` սեփական կապիտալի շահութաբերության գործակիցը (ROE) կազմել է 10.7%, ակտիվների շահութաբերության գործակիցը (ROA)` 2.6%:

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն այսօր ունի թվով 75 բաժնետեր: Բանկի կանոնադրական կապիտալում ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությունը կազմում է 52%, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությունը` 48%: Հատկանշական է, որ բանկը բաժնետերեր ունի ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից:

Բանկն իր գործունեության ընթացքում իրականացրել է 13 թողարկում, որոնց միջոցով տեղաբաշխվել է 792 685 հատ 5500 ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական և 237 464 հատ 700 ՀՀ դրամ անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմս: Նոր թողարկում նախատեսվում է 2013 թվականին:

Share