Բաժին. Բիզնես

GOOGLE-Ը ԿՓՈԽԻ MOTOROLA-Ի ՂԵԿԱՎԱՐԻՆ

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ամերիկյան Google ընկերությունը մտադիր է փոխել Motorola Mobility-ի ղեկավար կազմը: Սպասվում է, որ Motorola-ի գործադիր տնօրենի պաշտոնում կնշանակվի Google-ի աշխատակից Դենիս Վուդսայդը, ով նախկինում զբաղեցրել է Google-ի փոխնախագահի պաշտոնը: Վերջինս իր նոր պաշտոնի պարտականությունների կատարմանը կանցնի, երբ Google վերջնականապես «ձեռք կբերի» Motorola Mobility-ն:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ վերահսկող մարմինները Google-ին թույլատրել էին գնել բջջային հեռախոսներ արտադրող Motorola Mobility ընկերությունը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրել և հաստատել էր, որ 12.5 մլրդ դոլար արժողությամբ այս գործարքը չի հակասում երկրում գործող ազատ մրցակցության հիմնադրույթներին:

Այժմ գործարքի վերջնական կայացման համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվության ստացում Չինաստանի հակամենաշնորհային մարմնի կողմից, ինչը, սակայն, ըստ վերլուծաբանների, կարող է երկար ժամանակ պահանջել: Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Google-ի հարաբերությունները Չինաստանի կառավարության հետ բավականին լարված են:

Հիշեցնենք, որ մինչ այս Google-ի կողմից Motorola Mobility ընկերության գնման գործարքը հաստատվել էր Եվրահանձնաժողովի կողմից:

Հատկանշական է, որ գործարքի կայացման արդյունքում Google-ին կանցնեն շուրջ 24 հազար արտոնագրված արտադրանքներ և տեխնոլոգիաներ:

Share