Բիզնես

Forbes-ի միլիարդատերերի ցուցակից դուրս է մնացել 29 մահացած միլիարդատեր

Forbes-ի 2023-ի համաշխարհային միլիարդատերերի ցանկից անհետացած 287 մեծահարուստներից 29-ը կորցրել են իրենց տեղը ցուցակում, քանի որ մահացել են։

Մահացածներից 15-ը ամերիկացիներ են։ Միակ այլ երկիրը, որը կորցրել է մեկից ավելի միլիարդատեր, Ավստրիան է:

Մահացած միլիարդատերերը 30-ն են՝ ներառյալ Ռոբերտո Օնգպինը, որն այլևս միլիարդատեր չէր իր մահվան պահին:

Ակնոցների արքա Լեոնարդո դել Վեկիոն մահացել է 2022-ի հունիսին՝ 87 տարեկանում: Մահվան պահին նրա կարողությունը 24.8 միլիարդ դոլար էր: Նրա հիմնադրած Luxottica ընկերությանն են պատկանում այնպիսի հեղինակավոր բրենդներ, ինչպիսիք են Ray-Ban-ը, Oakley-ն և Sunglass Hut-ը: Իտալացի միլիարդատիրոջ ունեցվածքը բաժանվել է կնոջ, սեփական և որդեգրված զավակների միջև:

Դիտրիխ Մատեշիցը միլիարդատեր էր Ավստրիայից: Նա մահացել է 2022-ի հոկտեմբերին՝ 78 տարեկանում: Մահվան պահին նրա ունեցվածքը գնահատվում էր 20.2 միլիարդ դոլար: Նա Red Bull-ի հիմնադիրն է: Կորպորացիայի եկամուտը կազմում է տարեկան 10 միլիարդ դոլար, իսկ Մատեշիցի բաժնետոմսերի 49%-ը ժառանգել է նրա որդին՝ Մարկը։

Իռլանդացի միլիարդատեր Փալոնջի Միստրին մահացել է 2022-ի հունիսին՝ 93 տարեկանում: Ազգությամբ հնդիկ գործարարի Shapoorji Pallonji Group-ին են պատկանում ինժեներական, շինարարական մի շարք ընկերություններ, որոնց վստահվել է բազմաթիվ խորհրդանշական շենքերի կառուցում, օրինակ՝ Հնդկաստանի Պահուստային բանկի շենքը Մումբայում և Սուլթանի պալատը Օմանում: Մահվան պահին նրա ունեցվածքը 15 միլիարդ դոլար է գնահատվել:

Հերբերտ Քոլեր կրտսերը մահացել է 2022-ի սեպտեմբերին՝ 83 տարեկանում: Kohler-ի ղեկավարի պաշտոնը նա թողել էր դեռ 2015-ին և մինչև մահը զբաղեցրնում էր տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը։ Մահվան պահին նրա ունեցվածքը գնահատվել է 8.8 միլիարդ դոլար:

Ամերիկացի միլիարդատեր Գորդոն Մուրը մահացել է 2023-ի մարտին՝ 94 տարեկանում: Նա Fairchild Semiconductor-ի հիմնադիրն է ու Intel-ի համահիմնադիրը: Մահվան պահին նրա կարողությունը 6.8 միլիարդ դոլար էր գնահատվում:

Մահացած միլիարդատերերից են Թեդ Լերները՝ 6.6 միլիարդ դոլար կարողությամբ, Ռակեշ Ջունջհունվալան (5.8 միլիարդ դոլար), Թե Հոն Պյաուն (5.7 միլիարդ դոլար), Թոմ Լավը (5.5 միլիարդ դոլար), Ջուլիան Ռոբերթսոն կրտսերը (4.8 միլիարդ դոլար), Ռոբերտ Բրոքմանը (4.7 միլիարդ դոլար) և այլք:

Share