Բաժին. Բիզնես

Անհաջողակներ, որոնք լքել են Forbes-ի միլիարդատերերի ցուցակը

Աշխարհում լարված աշխարհաքաղաքական իրավիճակը, աճող գնաճը և կրիպտոփուչիկի պայթելը մեծ վնաս են հասցրել բազմաթիվ մեծահարուստների: Աշխարհի մասշտաբով 2640 միլիարդատերերի գրեթե կեսի կապիտալը նվազել է 2022-ի համեմատ, բայց ոմանց վիճակն ավելի վատ է. 254 մարդ ընդհանրապես դուրս է մնացել Forbes-ի վարկանիշից:

Սեմ Բենքմեն-Ֆրիդ. կրիպտոշուկայի այս միլիարդատերը նախորդ ֆինանասական տարում ուներ 24 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը 10 միլիոն դոլարից էլ պակաս է: 31-ամյա կրիպտովունդերկինդը FTX-ի հիմնադիրն է: Կարճ ժամանակում նրան հաջողվել էր համոզել հաճախորդներին և ներդրողներին, որ FTX-ը կրիպտոարժույթների ապագան է:

Երաժշտությամբ և Yeezy սպորտային կոշիկների արտադրությամբ միլիարդատեր դարձած ռեփեր Քանյե Ուեսթի կարողությունը 2 միլիարդ դոլարից հասել է մոտ 400 միլիոն դոլարի: Նրա ունեցվածքի կտրուկ նվազման պատճառը մեծ մասամբ պայմանավոված է adidas-ի կողմից Yeezy սպորտային կոշիկների նոր շարքի թողարկման չեղարկմամբ:

84-ամյա ամերիկացի գործարար, Patagonia-ի հիմնադիր Իվոն Շուինարի ունեցվածքը 1.2 միլիարդ դոլարից նվազել է և այժմ 100 միլիոն դոլարից պակաս է: Ի դեպ, իր շահույթի հաշվին գործարարը բնապահպանական նախաձեռնություններին հանգանակություններ է անում:

Չինացի գործարար Ժաո Վեյգուոյի կապիտալի հիմքում ՏՏ ոլորտն է, սակայն Tsinghua Unigroup-ի նկատմամբ զանգվածային հետաքննության շրջանակներում Չինաստանի կարգավորող մարմնի կողմից խորհրդի նախկին անդամին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն գործունեության փաստերով: Նրա ունեցվածքը 2,8 միլիարդ դոլար էր նախորդ ֆինանսական տարում: Այժմ այն 100 միլիոն դոլարից էլ պակաս է:

Էնրիկե Դուբուգրաս և Պեդրո Ֆրանչեսկի. ֆինթեք ոլորտում գործունեություն ծավալլող այս երիտասարդ բրազիլացիներից յուրաքանչյուրի կարողությունը 1.5 միլիարդ դոլարից հասել է մոտ 900 միլիոն դոլարի: Ուշագրավ է, որայս ոլորտում անցյալ տարվա համեմատ առնվազն 51 բիզնես հիմնադիրների կարողությունը նվազել է: Նրանցից 19-ն ընդհանրապես կորցրել են միլիարդատիրոջ կարգավիճակը, ինչպես Brex-ի հիմնադիրները:

Սթիվ Կոնինը և Նիրաջ Շահը Wayfair առցանց խանութի հիմնադիրներն են: Վերջին մեկ տարում նրանց բիզնեսի բաժնետոմսերն էժանացել են շուրջ 75%-ով: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը նախկինում գնահատվում էր 1.6 միլիարդ դոլար, իսկ այժմ մոտ 600 միլիոն դոլար է:

Ալեքս Աթալլահ և Դևին Ֆինզեր. նրանք ևս առցանց առևտրի հարթակի հիմնադիրներ են: Նրանց OpenSea շուկայում վաճառվող NFT-ների փուչիկը պայթել է: Արդյունքում յուրաքանչյուրը նախկին 2.2 միլիարդ դոլարի փոխարեն ունի մոտ 600 միլիոն դոլար:

Էռնեստ Գարսիա III. նա օգտագործված մեքենաների բիզնեսով է զբաղվում: Անցյալ տարի շուկան մի շարք խնդիրների առաջ կանգնեց: Նրա հիմնադրած Carvana ընկերության ընդհանուր արժեքն իջավ 2.9 միլիարդ դոլարով: Գնանկման ու ներդրողների շրջանում ընկերության 5.6 միլիարդ դոլար պարտքի ծանրաբեռնվածության շուրջ աճող մտահոգությունների ֆոնին՝ գործարարի ունեցվածքը 3.2 միլիարդ դոլարից հասավ առավելագույնը 100 միլիոն դոլարի:

Share