Բաժին. Բիզնես

ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ NOKIA-Ն ԿԿՐՃԱՏԻ 1000 ԱՇԽԱՏԱՏԵՂ

Բջջային հեռախոսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է իր ֆիննական գործարաններից մեկում շուրջ 1000 աշխատատեղ կրճատելու հարցի շուրջ արհմիության հետ ընթացող բանակցության արդյունքները: Սպասվում է, որ կրճատումները կիրականացվեն աստիճանաբար՝ ամբողջ 2012 թվականի ընթացքում: Կրճատումների առավել մեծ մասը նախատեսվում է հունիսին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Nokia ընկերությունը հայտարարել էր Բելգիայում, Մեքսիկայում և Ֆինլանդիայում շուրջ 4 հազար աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Աշխատատեղերի կրճատումներն իրականացվում է Nokia ընկերության բիզնեսի վերակազմավորման գործընթացի շրջանակներում: Այս գործընթացի նպատակն է զգալիորեն նվազեցնել ընկերության ծախսերը:

2011 թվականի արդյունքներով Nokia ընկերությունը կրել է 1.4 մլրդ եվրոյի զուտ վնաս՝ նախորդ տարվա՝ 2010 թվականի արդյունքներով գրանցված 1.3 մլրդ եվրոյի զուտ շահույթի դիմաց:

Nokia ընկերության ղեկավար Սթիվեն Իլոպի պարզաբանմամբ` ընկերությունը, չնայած 2011 թվականն ամփոփել է վնասով, այնուամենայնիվ, այս մեկ տարվա ընթացքում գրանցել է զարգացման դրական միտումներ` ընտրելով իր գործունեության համար առավել ճիշտ ուղղություն: 2012 թվականի համար ընկերությունը մշակել է գործընկերների հետ համագործակցության նոր ծրագրեր:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Nokia-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր էր ստորագրել Microsoft ընկերության հետ, որի համաձայն՝ ֆիննական ընկերության արտադրության սմարթֆոնների համար որպես պլատֆորմ կօգտագործվի Windows Phone-ը:

Share