Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԻՆՏԵՐՆԵՏ՝ FTTB ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է FTTB տեխնոլոգիայի հիման վրա Hi-Line Optic ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին: Զանգվածային գործարկման առաջին փուլում վերջնական սպառողին «Fiber to the building (Block)» տեխնոլոգիայով ինտերնետ ծառայությունը հասանելի է Գյումրիի բնակիչներին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Hi-Line Optic ծառայությունը մատուցվում է «Ուլտրա» սակագնային փաթեթի համաձայն, որտեղ 2.5 Մբ/վ թողունակությամբ սիմետրիկ անսահմանափակ կապուղու ամսավճարը կազմում է 6000 դրամ: 3.5, 5,6 և 12 Մբ/վ թողունակությամբ կապուղիների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 8000, 12000, 15000 և 20000 դրամ: Hi-Line Optic ծառայության որևէ սակագնային պլանին միանալու պայմանագրով չի նախատեսվում ծառայությունից որոշակի ժամկետ օգտվելու պարտադիր պայման:

«FTTB տեխնոլոգիայով ինտերնետն ենթադրում է սիմետրիկ կապուղի, բարձր արագություն և կապի կայունություն: Ունենալով երկրի ամենազարգացած օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը՝ Հայաստանի միասնական օպերատորը վերջնական սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու կապի այդ ժամանակակից տեխնոլոգիայից:  Այսպիսով, մեր ընկերության պատմության մեջ սկսվում է զարգացման նոր փուլ, իսկ մեր հաճախորդների բնակարաններում հասանելի է դառնում FTTB տեխնոլոգիան, որը խոշոր լարային ցանցերի ապագան է», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line Optic ծառայության «Ուլտրա» անսահմանափակ սակագնային փաթեթներին միացումն անվճար է: Անցումները «Ուլտրա» սակագնային փաթեթի միջև նույնպես անվճար են:

Ներկայում FTTB տեխնոլոգիայի Hi-Line Optic ծառայությունը հասանելի է Գյումրի քաղաքի Անի թաղամասում:

Share