Ucom ընկերության աջակցությամբ մայիսի 6-7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան։ Տարվա կրթական խոշորագույն իրադարձությանը մասնակցել է 4-16 տարեկան 600 աշակերտ Երևանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից, որոնք հնարավորություն էին ստացել ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն 6 տարի է՝ Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը:
«Ուրախ ենք ոչ միայն միջոցառման տեխնիկական աջակիցը հանդիսանալ` ապահովելով արագագործ ինտերնետ կապը, այլև շնորհավորում ենք 12-ամյա Արինա Աբելյանին Մարտունուց ու 8-ամյա Էդուարդ Փաշայանին Երևանից՝ սուպեր հաղթողների տիտղոսին և Ucom-ի հատուկ մրցանակներին արժանանալու համար», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան համախմբել է մի շարք պատվավոր հյուրերի՝ կրթական հաստատությունների ղեկավարների, առաջատար բիզնեսների ներկայացուցիչների, երգիչների, դերասանների ու արվեստագետների, որոնց ներկայությունը ոգևորել է մասնակիցներին:
Օլիմպիադան ամփոփվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր երեխաները հատուկ նվերներ են ստացել IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ նվերների են արժանացել Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից: Մրցույթից հետո երեխաները դիտել են շոու ծրագիր, մասնակցել խաղերի, վիկտորինաների, ֆլեշմոբերի, ռոբոտաշինության և արվեստի վարպետաց դասերի: Մասնակիցներին ուղեկցող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում գործել է ցուցահանդես: