Բիզնես

IDBank. 3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին

Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երեխաները մշտապես Իդրամի և IDBank-ի ուշադրության կենտրոնում են․ «Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն երեխաների կրթական ծրագրերին, այլև ակտիվորեն աջակցում ենք երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամներին։ Մի դրամի ուժի գործարկումից ի վեր ավելի քան 48 միլիոն դրամ ենք հատկացրել հենց այդ ուղղությանը, քանի որ ամեն ինչ անում ենք առողջ երեխաներ, առողջ հասարակություն և առողջ ապագա ունենալու համար», – ասել է Արսեն Քդենյանը։

«Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա գումարը կհատկացվի էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններով (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ) և ժամանակակից դեղամիջոցներով։ «Այս անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստանում իրականացնել երկար սպասված նախագծեր և ծրագրված միջոցառումներ», – նշում է Ելենա Բաղդասարյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին, որն օգնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և կիրառել դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։

«Մի դրամի ուժը» շարունակում է գործունեությունը․ յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.amIdram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։ Ընկերություններում գտնում են, որ ամեն վճարում ներդրում է բարի գործում։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան է կազմում հենց Ձեր ներդրումը, պարզապես մուտք գործեք Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժնի «Մի դրամի ուժը» ենթաբաժին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Share