Բաժին. Բիզնես

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՏԺԱՉԱՓՈՎ

Այսօր` մարտի  30-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում քննարկվեց «ՄԳԱ Վոթըր» ընկերության («Մաքուր ջուր» ապրանքանիշ) նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Հիշեցնենք, որ խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք էր ներկայացրել, տեղեկացնելով որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ և սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ: Մասնավորապես այն, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության՝ նման պայմաններում մրցակցությունը խիստ դժվարանում է:

Տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըր»-ի գործունեությունը և բացահայտել, որ թեև ընկերությունը թե՛ իր արտադրատեսակի վրա և թե՛ գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես, իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին: Բացի այդ, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:

«ՄԳԱ Վոթըր»-ը այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Հատկանշական է, որ ՏՄՊՊՀ հայտարարության համաձայն` այս տարի հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է, և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում:  Մասնավորապես, «Երևան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն ըստ Հանձնաժողովի մասնագետների անհնար է: Բացի այդ, Հանձնաժողովը համադրել է նաև ընկերության կողմից թողարկված արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ և պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:

Հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ, հանձնարարվեց  5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:

Արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի  արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:

Հանձնաժողովը իր ուսումնասիրության արդյունքները կուղարկի ինչպես ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, այնպես էլ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

Share