Բիզնես

Իլոն Մասկը պահանջել է իր հետ համաձայնեցնել Tesla-ի յուրաքանչյուր նոր աշխատակցի ընդունման հարցը

Իլոն Մասկնը պահանջում է, որ իր հետ համաձայնեցնեն Tesla-ում նոր աշխատակիցներ ընդունելու յուրաքանչյուր որոշում։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Tesla-ի աշխատակիցներին էլեկտրոնային փոստով ուղարկված նամակին։

«Փոխնախագահները պետք է ինձ շաբաթական մեկ անգամ ուղարկեն իրենց բաժին ընդունվելու հարցումների ցուցակը,- մեջբերում է հեռուստաալիքը նամակի տեքստը։- Ոչ ոք չի կարող միանալ Tesla-ին, նույնիսկ որպես մատակարար, մինչև չստանաք իմ հավանությունը»:

Մասկը բացատրել է նորամուծությունը որպես ցանկություն՝ հասկանալու, թե ինչպես է հավաքագրումն իրականացվում ընկերությունում։ Սակայն աղբյուրը պատմել է CNBC-ին, որ Tesla-ի որոշ աշխատակիցներ այս որոշումը կապում են ձեռնարկատիրոջ՝ ընկերությանը ավելի շատ ժամանակ տրամադրելու մտադրության հետ, իսկ մյուսները այդ պահանջը համարում են «հավաքագրման գործընթացի մեղմ սառեցում»:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Մասկը հայտարարեց Լինդա Յակկարինոյին Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Ձեռնարկատերն այս պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա հոկտեմբերի 27-ից, երբ ձեռք բերեց ընկերությունը: Ավելի ուշ գործարարն ասել է, որ այժմ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել Tesla ավտոարտադրողին, որը նույնպես իրեն է պատկանում։

Share