Բաժին. Բիզնես

YAHOO!-Ն ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Yahoo! ինտերնետային ընկերությունը հայտարարել է շուրջ 2 հազար աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Ինչպես նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ՝ այս կրճատումները կազմում են Yahoo! ընկերության գործունեության վերակազմավորմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի մի մասը և կնպաստեն, որպեսզի ընկերությունը դառնա «առավել ճկուն ու եկամտաբեր»: Նախատեսվում է, որ այս կրճատումների արդյունքում ընկերության աշխատկիցների ընդհանուր թիվը կկրճտավի 14%-ով:

Կրճատումների շնորհիվ Yahoo!-ի ղեկավարությունը մտադիր է տնտեսել շուրջ 375 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ վերջին չորս տարիների ընթացքում սա Yahoo! ընկերության կողմից իրականացվող կրճատումների արդեն 6-րդ փուլն է, որի արդյունքում կրճատված աշխատակիցների ընդհանուր թիվը կհատի 6 հազարի սահմանագիծը:

2011 թվականի արդյունքներով Yahoo! ընկերության զուտ շահույթը կազմել էր 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարով:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

Share