Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՏԵՍԱԿՐՊԱԿ» ՆԱԽԱԳԻԾԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է նոր` «Տեսակրպակ» նախագիծը: Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից՝ նախագծի շրջանակներում առաջին սարքը տեղադրվել է Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին, վճարելով ընդամենը 500 դրամ, տեսագրելու 1 րոպե տևողությամբ տեսանյութ և ուղարկելու այն ցանկացած էլեկտրոնային հասցեով: Սարքը տեղադրված է այնպես, որ ձայնագրելիս հետին պլանում երևում է եկեղեցին: Յուրաքանչյուր նամակում կա հղում, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ պատմամշակութային հուշարձանի մասին, և հասցեատերը հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն իրեն ուղարկված ողջույնը, այլև ծանոթանալու տվյալ հուշարձանի պատմությանը: Սարքը նաև հնարավորություն է տրամադրում հաղորդագրությունն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ տեսակրպակը տեսահաղորդագրությունների միջոցով հուզիչ պահերն անմիջապես նկարահանելու և ուրիշների հետ օնլայն ռեժիմում կիսելու ամենադյուրին տարբերակն է: Այն զգալիորեն կրճատում է այդ պահերը նկարահանելու և հեռու գտնվող ընկերների և ընտանիքի անդամների հետ կիսելու ժամանակը: Պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների և վայրերի մասին տեղեկություններ ստանալու այս հարմարավետ լուծումն օգնում է այցելուների մոտ ձևավորել ամուր զգացմունքային կապ պատմական վայրերի հետ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է նմանատիպ ևս ութ սարք տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից:

Share