Բիզնես

Ի՞նչ է թվային փոխակերպումն առաջնորդների համար. Yerevan Tech Forum-ը փորձում էր գտնել պատասխանը

Կարելի է ասել` արդեն անկասելի դարձած թվային փոխակերպումը հերթով թակում է կամ արդեն թակել է գրեթե բոլոր ոլորտների դռները։ «Անկոչ հյուրին» ներս թողնելուց առաջ անհրաժեշտ է ըստ արժանվույն պատրաստվել հյուրընկալությանը, իսկ բանից պարզվում է` դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Վերջերս շատ է խոսվում թվային փոխակերպման տարբեր ասպեկտներից, և յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ փորձում է վեր հանել հենց իր դաշտի խնդիրներն ու լուծումներ գտնել կամ առաջարկել։

Yerevan Tech Forum-ի շրջանակում նույնպես այս թեման առանցքային էր։ Պանելային քննարկման ժամանակ այս անգամ խոսում էին առաջնորդները` փոխակերպումն առաջնորդելուց։ Քննարկման մոդերատոր, Skill Event մարքեթինգային ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը մասնակիցներին ուղղեց առաջին հարցը՝ ի՞նչ է թվային փոխակերպումն ըստ ձեզ։

Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը հարցին պատասխանեց կարճ․

«Ոչ միայն թվային փոխակերպումը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր փոխակերպում ինքդ քեզ նոր շանս տալն է, սեփական հնարավորությունների ու պոտենցիալի առաջ բաց լինելն է»։

Ըստ Արմինե Ղազարյանի՝ փոխակերպման ու հատկապես` թվային փոխակերպման համար անհրաժեշտ է պատասխանել մեկ կարևոր հարցի՝ ինչո՞ւ։

«Եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչու են գնում փոխակերպման, դա բերում է անորոշության, ինչն էլ իր հերթին ծնում է վախ, որն էլ անխուսափելիորեն հանգեցնում է կոնֆլիկտի»,- ասում է Արմինե Ղազարյանը։

Synopsys ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մարիա Պետրոսյանն էլ անդրադարձավ առաջնորդների դերին թվային փոխակերպման շրջանում։ Ըստ նրա՝ առաջնորդների հիմնական դերը ճիշտ ռազմավարություն կազմելն է, իսկ թվային փոխակերպման ամենամեծ խնդիրներից մեկը շատերին անհասկանալի լինելն է․

«Առաջնորդներն այն մարդիկ են, ովքեր կարող են ստեղծել տեսլականն ու ռազմավարությունը՝ ինչպես հասնել այդ նպատակին: Տվյալ պահին այդ նպատակը թվային փոխակերպումն է։ Ու դրանք պետք է լինեն ոչ միայն հասանելի ու ընկալելի մարդկանց համար, այլև` կատարելի ու իրագործելի»։

Քննարկման մասնակիցները երկու թևերի ներկայացուցիչներ էին, ինչն ավելի հետաքրքիր դարձրեց զրույցը։ Բանն այն է, որ մասնակիցների մի մասը տեխնոլոգիական ընկերություններից էին և նշում էին, որ  կարիք չունեն թվային տրանսֆորմիացիայի ենթարկվելու, քանի որ հենց իրենք են կանգնած դրա ակունքներում․ 

«Թվային փոխակերպումը տեխնոլոգիական ընկերությունների ԴՆԹ-ի մեջ է։ Նրանցից ոչ թե պետք է փոխակերպում սպասել, այլ անհրաժեշտ է նրանց հետո գործակցելով հասնել այդ փոխակերպմանը»,- ասում է Webb Fontaine ընկերության տնօրեն Արա Շամիզարյանը։

Սակայն տեխնոլոգիական ընկերություններն էլ իրենց հերթին պետք է սովորեն աշխատել այնպիսի ընկերությունների հետ, որոնք փոխակերպման ճանապարհին են։ Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը պատմեց իր փորձառության մասին․

«Սկզբում ինձ համար խորթ էր թվային փոխակերպում արտահայտությունը, սակայն, երբ սկսեցինք աշխատել արտասահմանյան ընկերությունների հետ, պարզվեց, որ նրանք ունեն թվային փոխակերպման մենեջերներ, նույնիսկ` թիմեր։ Բանկեր կան, որ ունեն մեծ թիմ, որի պարտականությունը նոր տեխնոլոգիաներ գտնելն ու դրանք բանկում  ներդնելն է»։

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին՝ ցանկացած փոխակերպում հաճախ բավականին ցավոտ գործընթաց է։ Անհրաժեշտ է այն կազմակերպել փուլերով, որպեսզի աշխատակիցները նույնպես հասցնեն վերապատրատվել ու փոխակերպվել, հակառակ դեպքում շատերը կմնան խաղից դուրս, ինչն այնքան էլ լավ ազդակ չէ ընկերությունների համար։ 

 

Share