Բիզնես

Սինգապուրի դատարանի որոշմամբ՝ Credit Suisse բանկը շուրջ 900 մլն դոլար կվճարի Բիձինա Իվանիշվիլիին

Սինգապուրի դատարանը որոշում է կայացրել, որ շվեյցարական Credit Suisse բանկը խախտել է պարտավորությունները Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ակտիվների պաշտպանության հարցում։

Bloomberg-ի տվյալներով` դատարանը վճռել է, որ Credit Suisse-ի սինգապուրյան մասնաճյուղը խախտել է հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ չապահովելով ակտիվների պաշտպանությունը։ Դատական ​​իշխանությունները Բիձինա Իվանիշվիլիի վնասը գնահատել են 926 մլն դոլար, այնուհետև այդ գումարը կրճատել են 79,4 մլն դոլարով՝ հանելով նախկինում նշանակված փոխհատուցումը: Վճռի համաձայն՝ գումարը կարող է հետագայում փոփոխվել «կրկնակի հատուցումը բացառելու համար»՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի այս գործի շրջանակներում Բերմուդյան Կղզիների դատարանը պահանջել է Իվանիշվիլիին տրամադրել փոխհատուցում ավելի քան 600 մլն դոլարի չափով։

Credit Suisse-ի խոսնակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատավճիռը «սխալ է և լուրջ իրավական խնդիրներ է պարունակում»: Նա հավելել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը:

Վճռի մեջ նշվում է, որ բանկը չի կարողացել կանխել մասնավոր բանկիր Պատրիս Լեսկոդրոնի մուտքը Իվանիշվիլիի ակտիվներ։ Լեսկոդրոնը 2018 թվականին դատապարտվել է խարդախության համար. նա գումար է վերցրել Իվանիշվիլիի հաշիվներից՝ իր մյուս հաճախորդների աճող կորուստները ծածկելու համար: Վրացի միլիարդատիրոջ փաստաբանները Credit Suisse-ին դատի են տվել 2015 թվականին Սինգապուրում, Նոր Զելանդիայում և Բերմուդյան Կղզիներում։

Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է:

Share