Բաժին. Բիզնես

ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է մինչև մայիսի 4-ը: Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար:

«Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր և քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:   

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում:  

Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ: 

Share